Հանրաքվեի գործընթացը ցեմենտբետոնյա պատնեշով են փորձում կասեցնել.Սուքիասյան

Sputnik
Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում այս շաբաթ քննարկվելու է նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի», «Տեղական տուրքերի և վճարների» մասին օրենքներում ու Վարչական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ` Երևանի քաղաքապետարանի ներկայացրած փոփոխությունների փաթեթը։
Դրանով քաղաքային իշխանություններն առաջարկում են հանրային տրանսպորտի վճարումները սահմանել որպես տեղական վճար ու դարձնել պարտադիր։ Առաջարկվում է սահմանել նաև տրանսպորտում վճարումների վերահսկողության մեխանիզմ և տուգանել չվճարողներին։
Տուգանքը կազմելու է 15 հազարից 18 հազար դրամ, նայած ուղևորն ինչ աստիճանի իրավախախտում է կատարել։ Ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, ոչ ուշ, քան 1 րոպեում վճարել ուղեվարձը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի կարծիքով՝ քաղաքային իշխանություններն օրենսդրական այս փոփոխություններով փորձում են տապալել տեղական հանրաքվեով տրանսպորտի թանկացման հարցը լուծելու` ընդդիմության նախաձեռնությունը։
«Իրենք գնացին այս ճանապարհով, որպեսզի ուղեվարձը դառնա տեղական վճար, որը ըստ օրենսդրության, որևիցե փոփոխության ենթակա չէ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սուքիասյանը` իշխանության կառուցած արգելքը որակելով, որպես ցեմենտբետոնյա պատնեշ։