ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ՌԴ–ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հերքել է Ռուսաստանից ապաստան հայցելու մասին լուրերը։
«Ոչ, դա սխալ լուր է։ Ես զարմացած եմ, թե որտեղից է նման հաղորդագրություն հայտնվել»,-ասել է նա հեռախոսազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է ռուսական իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դիվանագետն ավարտում է իր առաքելությունը և պաշտոն է ստացել Դամասկոսի վարչակազմում: Դեսպանատան Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Մենք հաջողություն ենք մաղթում դեսպան Ջաաֆարիին իր նոր աշխատավայրում՝ Դամասկոսի կենտրոնական վարչակազմում։ Բոլորն անհամբեր սպասում են ձեզ, Սիրիային պետք է ձեր դիվանագիտական փորձը»։
SANA-ի տեղեկություններով՝ Սիրիայի ԱԳՆ-ն որոշել է Դամասկոսի կենտրոնական ապարատ տեղափոխել ՌԴ-ում և Սաուդյան Արաբիայում երկրի դեսպաններին՝ կադրային ռոտացիայի շրջանակներում:
Բաշար Ջաաֆարին, որը նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի և ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը, 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարում է Սիրիայի դեսպանությունը Ռուսաստանում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Սիրիայի նոր իշխանությունների հիմնական դժգոհությունը Ջաֆարիից այն պատճառով է, որ նա պաշտպանել է Բաշար Ասադի կառավարության շահերը միջազգային հարթակներում:
2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար Ասադը լքեց Սիրիայի նախագահի պաշտոնը և մեկնեց Ռուսաստան, որտեղ էլ գտնվում է մինչև հիմա: Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ Շարաան հունվարի 29-ին հայտարարվեց Սիրիայի նախագահ անցումային շրջանի համար։