ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Փոփ աստղ Քեթի Փերին հինգ այլ կանանց հետ տիեզերք է թռել «Amazon» առցանց հարթակի հիմնադիր Ջեֆ Բեզոսին պատկանող «Blue Origin» ընկերության «New Shepard» հրթիռով։
Թռիչքին մասնակցել են նաև Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, CBS-ի հաղորդավարուհի Գեյլ Քինգը, NASA-ի նախկին ինժեներ Այշա Բոուն, իրավապաշտպան Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը:
«Տիեզերքը վերջապես գլամուրային կլինի», - ասել է Քեթի Փերին «Elle» ամսագրի հետ զրույցում։
Թռիչքը, որը մեկնարկել է Տեխասի տիեզերակայանից, տևել է մոտ 11 րոպե: Այս ընթացքում տիեզերանավը հասել է ավելի քան 100 կմ բարձրության՝ հատելով տիեզերքի հետ սահմանը և անձնակազմին նվիրելով անկշռելիության մի քանի ակնթարթ: Վայրէջքը կատարվել է պարաշյուտների օգնությամբ, իսկ կրող-հրթիռը ավտոմատ իջել է արձակման հարթակի մերձակայքում:
Քեթի Փերին իր մասնակցությունն անվանել է մանկական երազանքի իրականացում և ներկայացրել է իր ազդականչը՝ «Փետուր» («Feather»):
Հատկանշական է, որ թռիչքը կայացել է տիեզերական զբոսաշրջության բացասական ազդեցության մասին քննարկումների ֆոնին։ Թեև «Blue Origin»-ը հայտարարում է, որ հրթիռի շարժիչը միայն ջրի գոլորշի է արձակում՝ առանց ածխածին արտանետելու, փորձագետները նշում են, որ վառելիքի այրման արդյունքում առաջացած ջրի գոլորշին և ազոտի օքսիդները կարող են խաթարել մթնոլորտի քիմիական կազմը և ոչնչացնել օզոնի շերտը:
Նման թռիչքների տոմսի արժեքը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ տեղ ամրագրելու կանխավճարը 150 հազար դոլար է։ Մասնակից կանայք անցել են երկօրյա նախապատրաստում, որը ներառում է զրոյական ծանրության պայմաններում անվտանգության տեխնիկայի և գործողությունների ուսուցում:
Թռիչքը ոչ միայն տեխնոլոգիական, այլև խորհրդանշական քայլ էր, որն ընդգծում է տիեզերքի հետազոտման գործում կանանց դերը և ուշադրություն է հրավիրում մասնավոր տիեզերական արդյունաբերության ապագայի վրա: