ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Երևանում «MAN» մակնիշի ավտոբուսը հետիոտնի համար նախատեսված անցումում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ՃՏՊ–ն տեղի է ունեցել ապրիլի 14-ին, որի մասին ահազանգը ստացվել է ժամը 13:25-ի սահմաններում։
«Երևանի բնակիչ 64-ամյա Հրաչիկ Մ.-ն Երևանի քաղաքապետարանում հաշվառված թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսով Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի»,– գրում է կայքը:
Վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Էմմա Մ.–ն է, նա տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: