Դատախազությունը պահանջում է նախկին դատավորից բռնագանձել 93 մլն դրամ և 2 անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության այս հայցադիմումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատարանի նախկին դատավոր Արտակ Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 93 մլն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս հարցով պահանջ է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Մասնավորապես, պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
2 անշարժ գույք
2 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք
77 մլն 692 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ
14 մլն 955 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։
Դատախազությունից նշում են նաև, որ 1994–2023 թթ. ընթացքում այս` 14 մլն 955 հազար դրամը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20–րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
Դատարանը վարույթ է ընդունել դատախազության այս հայցադիմումը: