ԱՄՆ-ն և Իրանը խորհրդակցում են նոր բանակցությունների անցկացման վայրի շուրջ․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային. Արխիվային լուսանկար
Օմանը կշարունակի միջնորդական դեր խաղալ երկու երկրների միջև, սակայն բանակցությունները կարող են տեղի ունենալ այլ վայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցություններ են անցկացնում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայրի վերաբերյալ, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:
«Ներկայումս քննարկում ենք՝ բանակցությունները տեղի կունենան Օմանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, բայց Օմանը ամեն դեպքում կշարունակի միջնորդի դեր խաղալ։ Կարևոր է նշել, որ ձևաչափը կմնա անուղղակի, և դրանք կշարունակվեն Օմանի միջնորդությամբ», - ասել է Բաղաին։
Ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:
Օմանում անցկացված բանակցությունների մթնոլորտը կառուցողական էր անվանել Իրանի ԱԳՆ-ն: Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից։