ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել են Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:
«Օմանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ Մասկատում մեկնարկել են Իրանի ԱԳ նախարար Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները», - հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային X սոցցանցում:
Դիվանագետը նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն առանձին սենյակներում են, նրանց միջև հաղորդագրությունները կփոխանցի օմանական կողմը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ Օմանում առաջիկա շփումները սոսկ հանդիպում են, այլ ոչ թե լիարժեք բանակցություններ: Նա նաև մեկնաբանել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ նախագահն «ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար»՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Իրանի հետ բանակցությունների անցկացման մասին՝ հայտարարելով, որ ապրիլի 12-ին կկայանա «գրեթե բարձր մակարդակով» հանդիպում: Բանակցություններին կմասնակցի նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահական օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ այդ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: