ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Օմանում դրական և կառուցողական են անցել, հայտարարել է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը:
Ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի անուղղակի բանակցությունները:
«Մենք դրական և կառուցողական քննարկում ենք ունեցել», - նրա խոսքը Х սոցիալական ցանցում մեջբերել է NBC News հեռուստաալիքի թղթակից Վոն Հիլարդը:
Ամերիկացի պաշտոնյան այսօր վերադարձել է ԱՄՆ:
Ավելի վաղ Օմանում անցկացված բանակցությունների մթնոլորտը կառուցողական էր անվանել Իրանի ԱԳՆ-ն: Կողմերը պայմանավորվել են բանակցությունները շարունակել մեկ շաբաթից։
Դեռևս մարտի սկզբին Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին, որում հայտնել է իրանական միջուկային ծրագրի խնդրով բանակցելու իր նախընտրությունը՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը պատասխան նամակով հրաժարվել է ԱՄՆ-ին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցություններից՝ առաջարկելով միջնորդավորված բանակցություններ:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում` Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ն Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին` հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: