ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում խմելու ջրագծի հարցը լուծվել է։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետարանից։
«Ներքին Հանդ գյուղի խմելու ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտված են», - պատասխանել են մարզպետարանից:
Գյուղացիներն իրենց հերթին Sputnik Արմենիային հայտնեցին, որ վերջին օրերին փորձարկվում է ջրագծի աշխատանքը։
Հիշեցնենք` 2022թ-ին ադրբեջանական զինուժի ներխուժումների հետևանքով Ներքին Հանդը զրկվել էր խմելու ջրի աղբյուրից, գյուղատնտեսական տարածքներից և նույնիսկ գերեզմանատնից:
Այս ընթացքում գյուղի բնակիչները կենցաղում գետի ջուր են օգտագործում։ Խմելու ջուրը նրանք տարաներով բերում են գյուղի և նրա շրջակայքի երկու փոքր աղբյուրներից։