ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երթևեկության անվտանգության հարցում պետական մարմինների իրականացրած քայլերը վարչարարությունից ու տուգանքներից այն կողմ չեն անցնում։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանը` խոսելով այդ թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումներից ակնկալվող արդյունքների մասին։
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ապրիլի 9-ին ԱԺ–ում «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի` 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 մլն բնակչությամբ երկրում ունենում ենք 3 600–ից ավելի զոհ, 70 000 վիրավոր։
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանը նշում է, որ անվտանգությունը չապահովող ճանապարհաշինարարին տուգանում են, բայց ճանապարհի պատշաճ կահավորումը դրա արդյունքում չի ապահվվում։
«Օրինակ` Երևան–Գյումրի ավտոճանապարհի վրա շինարարությունն իրականացվում է առանց անվտանգության տարրական կանոնների պահպանման։ Երևանում մի շարք ճանապարհների շինարարություն է իրականացվում, բայց տարրական կանոնները պահպանված չեն, շինարարական հատվածները պատշաճ կահավորված չեն, անվտանգային ոչ մի գործողություն իրականացված չէ, միջպետական և համայնքային ճանապարհները արդեն շատ վատ վիճակում են, բայց ոչ մի գործողություն չի արվում։ Շինարարական, փոսալցման աշխատանքները շատ ուշ են իրականացվում»,– արձանագրում է փորձագետը։
Քեյանը նաև շեշտում է, որ ԱԺ լսումների ընթացքում ոստիկանությունն էլ իր վիճակագրությունն է ներկայացրել` հպարտանալով, որ տուգանքների քանակն ավելացել է, վարչարարությունն աշխատում է։
«Իրենք միտված են միայն տուգանելու։ Ոստիկանը եթե տեսնում է առանց ամրակապվելու կամ ղեկին հեռախոսով խոսող, ծխող վարորդին, պետք է նախատի, և պարտադիր չէ, որ վարորդին պատժի ենթարկի։ Կարող է նախազգուշացման ակտ կազմել, հանձնել վարորդին, և դրանից հետո արդեն երկրորդ անգամ պատժիչ գործողություն իրականացնել։ Դա ևս հասարակության մեջ ինչ–որ բան փոխելու քայլ կլինի։ Հանրոթյունը կտեսնի, որ իրեն ոչ միայն տուգանում են, այլև նախազգուշացնում»,– կարծում է Տիգրան Քեյանը։
Ինչ վերաբերում է պատահարների վիճակագրությանը, թվերը, նրա գնահատմամբ, օբյեկտիվ իրականությունը չեն ներկայացնում, քանի որ չեն բացահայտում պատահարների իրական պատճառն ու մեղավորներին։
«Վարորդը խմա՞ծ է եղել, ղեկին քնե՞լ է, ճանապարհի վիճա՞կն է վատ եղել, լուսավորությո՞ւնն է վատ եղել, մեքենա՞ն է անսարք եղել, ամրագոտի չի՞ կապել, արագությո՞ւն է գերազանցել. մենք ոչ մի բան չգիտենք։ Այդ տվյալների հավաքագրում, աուդիտ, վերծանում չի արվում, որպեսզի հետագա դեպքերը կանխարգելվեն»,– նկատում է մասնագետը։
Նա հավելելում է, որ այս մոտեցման արդյունքում վարորդն իր բոլոր արարքների համար պատժվում է, բայց քաղաքացու գույքը վնասելու, ճանապարհները ժամանակին չնորոգելու, փոսերը չվերացնելու համար պատասխանատու որևէ մարմին պատիժ չի կրում։
Հիշեցնենք, որ ըստ վիակագրական տվյալների` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ավտովթարից կամ վրաերթից արդեն 60 մարդ մահացել է, 1391–ը`վիրավորվել։