ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մեկ օրում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել արմատականների մոտ 35 օբյեկտների, հայտնել է մամուլի ծառայությունը:
«ՑԱԽԱԼ-ի օդուժը մեկ օրում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպություններին պատկանող մոտ 35 թիրախների, այդ թվում՝ դիտակետերի, դիպուկահարների դիրքերի, ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գազայի հարավային մասում իսրայելական զորքերը ոչնչացրել են մի քանի թունելներ և արմատականների ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ: Բացի այդ, Գազայի հյուսիսում իսրայելցիները հարվածներ են հասցրել մի քանի զինյալների։
Մարտի 18-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները կշարունակվեն՝ կապված ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնապես զինադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով: