ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Բաքվում պահվող հայ գերիներին տանջում են` թույլ չեն տալիս քնել, տևական ժամանակով զրկում են պառկելու կամ նստելու հնարավորությունից։ «Բաքվում պահվող հայ գերիների ու նրանց վերադարձի ուղիները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Բազմաթիվ անձինք, որ արդեն հայրենադարձվել են գերությունից, վկայություններ են տալիս այնպիսի պայմանների մասին, որը հանգեցնում է ֆիզիկական տառապանքի։ Օրինակ` չեն թողնում քնել, տևական ժամանակ կանգնած են մնում, զրկվում են նստելու, պառկելու հնարավորությունից։ Այս ամենը զուգակցվում է և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական բռնությունների հետ։ Վտանգներ կան նաև, որ տարբեր դեպքերի մասին խոսելով` հնարավոր է` Ադրբեջանում վրեժխնդրություն լինի։ Նմանատիպ դեպքեր արձանագրվել են. այստեղ ընտանիքը բարձրաձայնել է խնդրի մասին, այնտեղ պատժիչ գործողություններ են իրականացվել»,– նշեց Սիրանուշ Սահակյանը։
Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում 23 հայ է պահվում, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023–ին։
23 անձանցից 7-ի մասով դատավարություններն արդեն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։