ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորման կայունության հարցում անորոշության պատճառով, որը կազմում է կազմակերպության բյուջեի 24 %-ը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցրել է անձնակազմի հավաքագրումը: Այս մասին «Temps» թերթին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Պիեռ Կրախենբուլը։
«Ներկա դրությամբ ֆինանսավորումը չի դադարեցվել։ Բայց դեռ չգիտենք ապագայի հետ կապված՝ գործող վարչակազմի (ԱՄՆ - խմբ.) մտադրությունները։ Այնուամենայնիվ, մենք 50 միլիոն ֆրանկի չափով կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել, օրինակ՝ սառեցրել ենք նոր աշխատակիցների հավաքագրումը, որը բյուջեով նախատեսված էր», - ասել է նա։
Կրախենբուլը հավելել է, որ ամերիկյան ֆինանսավորման կրճատման պատճառով ԿԽՄԿ-ն շատ մտահոգված է Ժնևում տեղակայված ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների ապագայով:
«Ժնևում ֆինանսավորման կրճատումները կոլեկտիվ սթրես են։ Կառույցն իրենից ներկայացնում է կազմակերպությունների լայն ցանց, բոլորս գիտենք մարդկանց, ընկերների, որոնց վրա տարածվել են խնայողությանն ուղղված միջոցառումները։ Մենք նաև արձանագրում ենք տեղերում ներդրումների նվազման ազդեցությունը», - ընդգծել է ԿԽՄԿ գլխավոր տնօրենը։