ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՄԱԿ–ը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առաջիկա բանակցությունները դրական հանգուցալուծում կունենան: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Մենք մեծ հույս ունենք, որ Օմանում կայանալիք բանակցությունները դրական արդյունք կունենան: Կարևոր է, որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական խողովակներն օգտագործեն բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար», – ընդգծել է նա:
Սպիտակ տան ներկայացուցիչ Կարոլին Լևիտը պարզաբանել է, որ բանակցությունները կանցկացվեն ուղիղ ձևաչափով։ Իր հերթին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցի Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն նույնպես առաջընթացի հույս է հայտնել։ Նրա խոսքով` Մոսկվան ակնկալում է, որ Օմանի միջնորդությամբ կողմերը կկարողանան երկխոսություն սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ռուսաստանը պատրաստ է նպաստել այդ առաջընթացին։
Հիշեցնենք, որ Իրանի և վեց երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև միջուկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին: Այն նախատեսում էր պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց: 2018-ի մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս եկավ գործարքից և վերսկսեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ուրանի հարստացման սահմանափակումների վերացումից։