ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնն անհապաղ բարձրացնում է չինական ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%՝ ի պատասխան համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի իբր «անհարգալից» վերաբերմունքի։
«Հաշվի առնելով անհարգալից վերաբերմունքը, որը Չինաստանը դրսևորել է համաշխարհային շուկաների նկատմամբ՝ բարձրացնում եմ Չինաստանից ԱՄՆ–ի կողմից գանձվող մաքսատուրքը մինչև 125%՝ սկսած այն պահից, երբ որոշումն ուժի մեջ կմտնի», – գրել է Թրամփը Truth Social իր սոցցանցում։
Ապրիլի 2-ին Թրամփը հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին։
Բազային նվազագույն տոկոսադրույքը կկազմի 10%: Ընդ որում` երկրների մեծ մասի համար սահմանվել է ավելի բարձր տոկոսադրույք, որը ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի վարչության պարզաբանմամբ, հաշվարկել են կոնկրետ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի ցուցանիշներից ելնելով, որպեսզի դեֆիցիտի փոխարեն հավասարակշռություն լինի։
Չինաստանի Պետական խորհուրդն իր հերթին հայտարարել է ԱՄՆ-ից բոլոր ապրանքների նկատմամբ 34%–ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Այնուհետև Թրամփը խոստացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել արդեն իսկ հայտարարվածների վրա, եթե Պեկինը չհրաժարվի իր պատասխան միջոցներից, և հայտարարել է, որ չի բանակցի Չինաստանի հետ, եթե երկիրը չչեղարկի մաքսատուրքերը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ ԱՄՆ–ն բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 104%, դրանք գործում են ապրիլի 9–ից