Հայաստանում Իրանից ներկրված շուրջ 12 կգ քաշով մեթամֆետամին է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
««Ագարակ» անցման կետում ռենտգեն սարքով մաքսային զննման է ենթարկվել ԻԻՀ-ից քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդիչը: Կկցորդիչնն ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ Հայտնաբերվել է փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր 11․962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում։
Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեթամֆետամինը քաղաքացին ՀՀ–ում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն Է.Ն.–ին։ ՊԵԿ ծառայողները միջոցառումների ընթացքում այդ թմրամիջոցները փոխարինել են այլ զանգվածներով, որոնք մշակվել են հատուկ քիմիական նյութով։
Երևան ժամանած Է.Ն.–ն «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվել է Ն.Ա.–ի հետ հանդիպման, որտեղ նրան փոխանցվել են փոխարինված զանգվածով փաթեթները։ Այդ պահին ԱԱԾ և ՊԵԿ ծառայողները Է.Ն.–ին ձերբակալել են։
Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան Իրանի 2 քաղաքացիներին կալանավորելու վերաբերյալ։ Միջնորդությունները բավարարվել են։