Դատարանը 1 հոդվածով մեղավոր ճանաչեց նախկին ՔՊ–ական Հակոբ Ասլանյանին վիրավորած տղամարդուն

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը ցանկանում է հնարավորություն ունենալ վերլուծություն անելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորած ակտիվիստ Սամվել Վարդանյանին դատարանը մեղավոր ճանաչեց խուլիգանության հոդվածով։
Դատավոր Դավիթ Արղամանյանը հրապարակեց վճիռը` նշելով, որ Վարդանյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ ՔՕ–ի 297 հոդվածով։
Այս հոդվածով պատիժ է սահմանվում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանք՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով էլ Վարդանյանն արդարացվեց։
Դատավոր Արղամանյանը շեշտեց` քանի որ մեղադրական վճիռ է կայացվել, դատարանն անցնում է լրացուցիչ լսումների։
Պատգամավորին հասարակական տրանսպորտում վիրավորած երիտասարդը ձերբակալվել է
Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանից խնդրեց հավելյալ ժամանակ, որպեսզի կարողանան վերլուծություն անել ու կարծիք հայտնել նիստի ժամանակ։ Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 11։00-ին։
Դատական նիստից հետո Հակոբ Ասլանյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանն օրենքի սահմաններում ճիշտ որոշում է կայացրել։ Շեշտեց` յուրաքանչյուրն իր արարքների համար պետք է պատասխան տա։
Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ ընդգծեց` գոհ չեն Վարդանյանի վճռից, քանի որ այն խուլիգանության մասով էր, ինչը մինչև 2 տարվա կալանք է ենթադրում։ Այդ մասով պաշտապնական կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը։
«Քրեական օրենսգրքում մի հոդված էլ կա, ըստ որի` ոչ մեծ ծանրության արարքն առաջին անգամ կատարած անձին արգելվում է ազատազրկում նշանակել։ Դատարանում մենք հայտնել ենք, որ խուլիգանական դրդում չի եղել, այդ արտահայտությունները հնչեցվել են Հակոբ Ասլանյանի` այդ ժամանակ իշխանության մաս լինելու հանգամանքով պայմանավորված։ Ատելության խոսքի տարածման հոդվածով արդարացվեց Սամվել Վարդանյանը, ինչից մենք գոհ ենք»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք` 2024թ–ի ապրիլի 15–ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Սամվել Վարդանյանը Ասլանյանին նկարահանում էր, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, որից հետո հրմշտոց էր սկսվում։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։
Ապրիլի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ։ Հունիսի 7-ին դատարանը 3 ամսով երկարացրեց տնային կալանքի ժամկետը։
Հուլիսի 25–ին Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխեց վարչական հսկողությամբ (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։