ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից հեռացված Էքրեմ Իմամօղլուի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորման որոշումը։ Տեղեկությունը հայտնում է «T24» հեռուստաալիքը։
«Իմամօղլուի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Ստամբուլի քրեական գործերով 10-րդ դատական պալատ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանները հայտարարել են, որ հետաքննության ընթացքում անօրինություններ են արձանագրվել, և պահանջել են ազատ արձակել իրենց պաշտպանյալին:
Հիշեցնենք` Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին մարտի 19-ին, երբ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով։ Ակցիաներն ակտիվացան մարտի 23-ին, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Իմամօղլուին կալանավորելու որոշում է կայացրել։ Թուրքիայի ՆԳՆ-ի որոշմամբ՝ նա հեռացվեց Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։
Իմամօղլուն համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Թուրքիայի սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի թեկնածու առաջադրվել միայն բարձրագույն կրթություն ունեցող անձանց, մինչդեռ Ստամբուլի համալսարանն ավելի վաղ չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը։