ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Ծառուկյանը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ապրիլի 2-ին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արման Հովակիմյանը և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ազատման դիմումներ են գրել։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլ 3-ին լրագրողներին հայտնեց, որ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կարող է նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի տնօրեն։
«Անահիտ Ավանեսյանը նպատակ ունի Կարեն Ծառուկյանին տնօրենի պաշտոնում նշանակել, բայց կարծես թե մինչ այս պահը Ծառուկյանը համաձայնություն չի տալիս։ Նշենք, որ Ավանեսյանը տևական ժամանակ է՝ բավականին լարված հարաբերություններ ուներ Նարեկ Մանուկյանի հետ և նրա ջանքերով Մանուկյանին այսօրվանից ազատել են աշխատանքից»,– գրում է ArmLur.am-ը
Լրատվամիջոցը նշում է, որ Կարեն Ծառուկյանը այս պահին զբաղեցնում է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի բաժնի վարիչի պաշտոնը։