ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ ռուսական հավաքականներին և ակումբներին թույլ կտան մասնակցել միջազգային մրցաշարերին միայն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: Այս մասին նա հայտարարել է Բելգրադում ՈւԵՖԱ-ի Կոնգրեսի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հույս էր հայտնել, որ ռուսական թիմերը շուտով կվերադառնան միջազգային մրցումներ։
«Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, բայց կարող եմ կրկնել։ Երբ պատերազմն ավարտվի, այդ ժամանակ էլ Ռուսաստանը կվերադառնա»,-ասել է Չեֆերինը։
The Independent թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՈւԵՖԱ-ում քննարկվում է Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները միջազգային մրցաշարեր վերադարձնելու հնարավորությունը: Պարբերականի տեղեկություններով՝ կոնգրեսի անցկացումից առաջ որոշակի քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովն այդ հաղորդագրություններն անվանել էր «ոչ անհիմն»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ռուսական ակումբներին և ազգային թիմերին անորոշ ժամանակով հեռացրել էին միջազգային մրցումներին մասնակցելուց՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 2023 թվականի աշնանը երկու կազմակերպություններն էլ հայտարարեցին, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմնան մինչև հատուկ ռազմական գործողության ավարտը։