Հուսով ենք` ԵԱՏՄ-ի օգուտները և դուրս գալու հետևանքները կբացատրեն ՀՀ հասարակությանը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը. Արխիվային լուսանկար
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, բոլոր արդիական հարցերը քննարկում են անկեղծության մթնոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանում հույս ունեն, որ հայ հասարակությանը օբյեկտիվ կներկայացնեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բոլոր օգուտները և միությունից դուրս գալու հետևանքները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ: Հույս ունենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու հետևանքով առաջացած կորուստների մասշտաբները կբացատրեն հայ հասարակությանը, որպեսզի մարդիկ օբյեկտիվ պատկերացում ունենան իրականության մասին», – նշել է փոխնախարարը։
Նրա խոսքով` հնարավոր չէ միաժամանակ գտնվել երկու տարբեր ուղղվածություններ ունեցող միություններում։
Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, մինչդեռ ԵՄ-ն կառույց է, որտեղ «փայտային կարգապահություն է տիրում` բոլորը ենթարկվում են իրականությունից կտրված, բրյուսելյան բյուրոկրատներից թելադրվող հակառուսական խոսույթներին»։
Միխայիլ Գալուզինի խոսքով` Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր հարցերը քննարկում են անկեղծության մթնոլորտում։
«Հայաստանի հետ դաշնակիցներ, ռազմավարական գործընկերներ ենք։ Հետևաբար մեր օրակարգի բոլոր առկա խնդիրները քննարկում ենք անկեղծության և վստահության մթնոլորտում», – ասել է նա։
Հիշեցնենք` Հայաստանի ԱԺ–ն մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։