ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հունգարիան մտադիր է դուրս գալ միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունից։ Նման հայտարարություն է արել երկրի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գույաշը։
«Կառավարությունը ապրիլի 3-ին կառավարությունը կսկսի վարույթ՝ սահմանադրական նորմերին և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան դուրս գալու վերաբերյալ», - գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր մեկնել է Հունգարիա և, ըստ լրատվամիջոցների, այնտեղ կմնա մինչև ապրիլի 6-ը։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը Նեթանյահուի այցից առաջ Հունգարիային հիշեցրել էր ՄՔԴ–ի ընդունած ձերբակալման որոշումները կատարելու պարտավորության մասին:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ մտադիր է Նեթանյահուին հրավիրել Հունգարիա. նա նաև երաշխավորել էր, որ ՄՔԴ-ի որոշումը երկրի տարածքում չի կատարվի։
Ավելի վաղ ՄՔԴ-ն Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր էր տվել: Դատարանը նաև մերժել է Իսրայելի փաստարկները, որոնցով այդ երկիրը փորձել է վիճարկել իր քաղաքացիների նկատմամբ երաշխավորագրեր տալու համար դատարանի իրավասությունը: Իսրայելը նաև վիճարկում է ընդհանրապես Պաղեստինում տիրող իրավիճակի մասին գործերը քննելու ՄՔԴ-ի իրավասությունը: