Անվերահսկելի վարչարարության դեմ պայքարը չի ավարտվել. ԱՄՆ փոխնախագահը՝ Մասկի ապագայի մասին

Իլոն Մասկ
Ջեյ Դի Վենսը նշել է, որ Իլոն Մասկը կմնա Դոնալդ Թրամփի ընկերն ու խորհրդատուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Գործարար Իլոն Մասկը կշարունակի ԱՄՆ կառավարության հետ աշխատել որպես խորհրդական, երկրում անվերահսկելի վարչարարության»դեմ նրա պայքարը դեռ չի ավարտվել: Այս մասին «Fox News» հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Պետք է կրճատել այս աներևակայելի ուռճացված վարչական ապարատը, որը խանգարում է ամերիկյան ժողովրդի կամքին և չափազանց թանկ գին ունի», – ասել է նա:
Վենսի խոսքով՝ Մասկն ու թիմը կարողացել են բացահայտել խարդախության ծավալուն սխեմաներ։
«DOGE-ի աշխատանքն անգամ մոտ չէ ավարտին։ Նայեք բոլոր կեղծ դրամաշնորհներին, այն մարդկանց, որոնք 150 տարեկան են ու սոցիալական վճարներ են ստանում: Սոցապահովության համակարգի զանգերի 40%-ը խաբեբաներն են կատարում։ Դա նշանակում է, որ մնացած 60%-ը ստիպված է սպասել», - հավելել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Մասկը կմնա ամերիկյան վարչակազմի մերձավոր բարեկամը:
«Նա նախկինի պես լինելու է մեր՝ իմ և նախագահի ընկերն ու խորհրդատուն։ Նա արդեն շատ բան է արել, բայց դեռ բազմաթիվ աշխատանք կա», - ասել է Վենսը։
Հիշեցնենք` «Politico»–ն այսօր հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմին հայտնել է, թե Միացյալ Նահանգների պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկն առաջիկա շաբաթներին պաշտոնաթող է լինելու։ Թրամփը միաժամանակ ասել է, որ կցանկանար նրան հնարավորինս երկար պահել կառավարության թիմում: