«3+3» ձևաչափը կարելի է օգտագործել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու համար. Սոբհանի

Իրանը, կապեր պահպանելով Երևանի և Բաքվի հետ, հանդես է գալիս սահմանին կայունության և խաղաղության օգտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «3+3» տարածաշրջանային ձևաչափը կարող է օգտագործվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։ Երևանի պետական ​​համալսարանում «Շանհայյան ոգու առաջմղում. ՇՀԿ-ն գործողության մեջ» թեմայով սեմինարի շրջանակում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Իրանը կապի մեջ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և հանդես է գալիս սահմանին կայունության և խաղաղության օգտին։ Այդ քննարկումների ժամանակ կողմերին կոչ ենք անում շարժվել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ... Իրանը կարծում է, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կհանգեցնի լարվածության», – ասաց Սոբհանին՝ մեկնաբանելով սահմանին ադրբեջանական զինուժի կողմից իրականացվող կրակոցների մասին հարցը։
Դեսպանի խոսքով՝ տարածաշրջանը նոր լարվածության կամ պատերազմի չի դիմանա։
Թեհրանում հույս ունեն, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան խաղաղության և հանգստության ապահովմանն ուղղված սկզբունքներին։ Սոբհանին նշեց, որ Իրանի իշխանությունները պատրաստ են աջակցել ցանկացած ձևաչափի, որը կառաջարկեն կողմերը խաղաղության հասնելու համար։
Անկարան կառաջարկի, որ Թբիլիսին ընդգրկվի «3+3» տարածաշրջանային հարթակում
«Կարծում եմ, որ այս առումով «3+3»-ը լավ տարածաշրջանային ձևաչափ է, և դրա կիրառմամբ կարելի է շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր», – ասաց դեսպանը։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերով վեցակողմ (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) խորհրդակցությունների ձևաչափի գործարկումը 2020 թվականի վերջին առաջարկել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Արդեն երեք հանդիպում է կայացել, որոնց չի մասնակցել Վրաստանը։