Իրանը և ՌԴ-ն քննարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ կապված իրավիճակը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ շրջանակներ մշակել՝ հակասությունները հարթելու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և նրա իրանցի գործընկեր Մաջիդ Թախթ-Ռավանչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակը: Այս մասին հայտնում է Մոսկվայում ԻԻՀ դեսպանատունը։
Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ խորհրդակցությունները համատեղ շրջանակներ մշակելու համար, որոնք անհրաժեշտ են հակասությունները հարթելու և Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու համար:
Մարտի վերջին Իրանը բանակցությունների փուլ է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ՝ իր միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ, մինչ այդ միջուկային գործարքի հարցով հանդիպում է եղել Պեկինում՝ Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ:
Դեռևս փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել՝ նրա դեմ ռազմական գործողություններ վարելու փոխարեն: Թրամփը հայտարարել էր, որ կուզենար Իրանի հետ «վերիֆիկացված» միջուկային խաղաղության համաձայնագիր կնքել, որը Թեհրանին թույլ կտա խաղաղ զարգանալ և բարգավաճել, և կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքը:
Մարտի սկզբին էլ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում վերապահում է արել, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել իրանական միջուկային ծրագրի հարցով: Դրանից հետո ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի է դիտարկում՝ ռազմական կամ դիվանագիտական, ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին: Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, մարտի 19-ին հայտնել էր, որ Թրամփն Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիին ուղղված նամակում երկու ամիս ժամկետ է սահմանել նոր միջուկային գործարքի կնքման համար:
Ռազմական այլընտրանք չկա. Իրանի արտգործնախարարն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին
Մարտի 27-ի երեկոյան Իրանի արտգործնախարարը հայտնել էր, որ Օմանի միջոցով պատասխան են ուղարկել Թրամփի նամակին: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը Վաշինգտոնին ուղղված պատասխան նամակում մերժել է ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցություններ վարել, շեշտելով, որ բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ: