ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները կբավականացնեն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնի համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրա դեպքում շատ ավելի կարևոր է պրոֆեսիոնալիզմը։ Ներողություն եմ խնդրում, բայց նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչպես է ՄԱԿ–ի ԳՎ–ն մի ամբողջ տարի ղեկավարելու նման սուղ գիտելիքներ ունեցող մարդը։ Դա վերաբերում է դիվանագիտությանը` քանի անգամ է նա հայտնվել սարսափելի դիվանագիտական սկանդալների մեջ, որը հենց ինքն էլ ստեղծել է», – Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Զախարովան։
ՌԴ դիվանագետի խոսքով` Գերմանիայի ԱԳ նախարարի աթոռին պատահաբար է հայտնվել` չունենալով համապատասխան գիտելիքներ և փորձ։
«Հաջորդ պահը նրա կրթության հարցում թափանցիկության բացակայությունն է։ Տեսել եմ, թե ինչպես էին շատերը փորձում գլուխ հանել դրանից. քչերի մոտ էր ստացվում։ Դժվար է ասել` ինչ կրթություն ունի մարդը։ Ինչ–որ բան Լոնդոնում, ինչ–որ հիբրիդային, կարկատած ու անհասկանալի մի բան», – նշել է Զախարովան։
Նա նաև հիշեցրել է, որ Բերբոքը վերմախտի սպայի թոռնուհի է և բազմիցս հայտարարել է, որ հպարտանում է իր պապով։ Զախարովայի գնահատականներով` այդ առիթով կարելի է ենթադրել, որ ՄԱԿ–ի ԳՎ ղեկավարի պաշտոնում Բերբոքի առաջադրումը պատահական չէ։
«Դա հենց Ջոկերի դժոխային քմծիծաղն է, որը պետք է ծաղրի բոլորին, դեմքը ծամածռի բոլորի վրա՝ նայելով ԳՎ–ի դահլիճ», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է 2025-2026 թվականներին ՄԱԿ–ի ԳՎ ղեկավար առաջադրել Անալենա Բերբոքին։