Կանադայի վարչապետը խոստացել է պատասխանել, եթե ԱՄՆ-ն ապրիլի 2-ին նոր մաքսատուրքեր սահմանի

Մարկ Քարնի
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ապրիլի 2-ին ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Կանադայից ներկրվող արտադրանքի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Օտտավան մտադիր է պատասխան մաքսատուրքեր սահմանել, եթե ԱՄՆ-ն ապրիլի 2-ին նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկի կանադական արտադրանքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Մենք կպատասխանենք լրացուցիչ միջոցառումներին։ Եթե Կանադայի դեմ վաղը նոր սահմանափակումներ մտցվեն, մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք»,-ասել է Քարնին մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 2-ին ԱՄՆ-ն այսպես կոչված «հայելային» սակագներ կսահմանի՝ 25 տոկոսանոց մաքսատուրքեր ավտոմեքենաների և պահեստամասերի ներմուծման համար այն երկրներից, որոնք, նրա խոսքով, «տարիներ շարունակ հարստացել են ԱՄՆ-ի հաշվին»: Սակագները կանդրադառնան ամբողջ ներմուծման, այդ թվում, մասնավորապես, կանադական արտադրանքի վրա։