Իսրայելի գիշերային հարվածը Բեյրութի արվարձանին. 4 մարդ է զոհվել

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելի հարձակումը և բարեկամ երկրներին կոչ է արել օգնել պաշտպանել երկրի ինքնիշխանությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Բեյրութի հարավային արվարձաններից մեկում գտնվող շենքին իսրայելական ավիահարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Jadeed հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Ապրիլի 1-ի գիշերը իսրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելի հարձակումը և կոչ է արել բարեկամ երկրներին օգնել պահպանել և պաշտպանել երկրի ինքնիշխանությունը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում կին կա։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ Բեյրութում հարվածի թիրախը «Հզբոլլահ» շարժման անդամն էր:
«Հզբոլլահը» հայտարարել է, որ կապ չունի Իսրայելի տարածքի հրթիռակոծման հետ
Իսրայելական բանակը պետք է ավարտեր զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանի օկուպացված շրջաններից մինչև հունվարի 26-ի առավոտ՝ հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օր հետո։ Սակայն Թել Ավիվը չի կատարել իր պարտավորությունները։
Ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց իսրայելա-լիբանանյան համաձայնագրի ժամկետի երկարաձգման մասին մինչև փետրվարի 18-ը, սակայն իսրայելական բանակը կրկին շրջանցեց դրա պայմանները և պահպանեց իր ներկայությունը լիբանանյան տարածքի հինգ դիրքերում:
Լիբանանի իշխանությունները հայտարարել են հրադադարի պայմանների լիարժեք պահպանման մասին` հարավային սահմաններին լրացուցիչ ուժերի տեղակայմամբ։ Սակայն պաշտոնական ղեկավարությունը չի կարող հաստատել «Հզբոլլահի» ուժերի ամբողջական դուրսբերումը Լիտանի գետից այն կողմ, ինչպես նախատեսված է համաձայնագրով։