ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված պատասխան նամակում Իրանը մերժել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների անցկացումը: Բանակցություններ հնարավոր են միայն երրորդ երկրների միջնորդությամբ։ Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մարտի 27-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Թեհրանը պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահի նամակին:
«Չնայած երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների հարցը նամակով մերժվելու հանգամանքին, նույն նամակով հայտնել ենք, որ միջնորդավորված բանակցությունների հնարավորություն կա։ Ընդգծվել է, որ Իրանը երբեք չի խուսափել բանակցություններից, և միայն պարտավորությունների խախտումն է (Վաշինգտոնի կողմից – խմբ.) առաջացրել խնդիրներ, որոնք պետք է անպայման վերացվեն, իսկ վստահությունը (ԱՄՆ-ի նկատմամբ – խմբ.)`վերականգնվի։ ԱՄՆ-ի հենց նման պահվածքը կորոշի բանակցությունների հետագա ուղին», - նշել է Փեզեշքիանը։
Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նշել է իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքելու իր նախընտրությունը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման ծրագրից: