ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը պատրաստվում է դատի տալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանին։ Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
««Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատպված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»»,–գրել է Ալեքսանյանը։
Նշենք, որ այսօր Արման Թաթոյանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն հրահանգել է Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։
Թաթոյանն ընդգծել էր, որ դա հանցանք է և դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Նա շեշտել էր, որ ՔՊ-ն ընտրողներին դրդում է հանցագործության` հորդորելով նման բան որևէ պարագայում չանել:
Թաթոյանը հիշեցրել էր, որ քվեարկության գաղտնիությունը երաշխավորված է Սահմանադրությամբ և միջազգային օրենքներով:
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։