ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբբաշին»)` Արմեն Ղալեչյանը, հերքում է ՀՀ զինված ուժերում ծառայած չլինելու լուրը։
Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, վերահսկում է ՀՀ զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստավորման գործընթացը։
«Ես՝ Արմեն Ղալեչյանս, ծառայել եմ ՀՀ զինված ուժերի N զորամասում (2008-2010-ին): Ի դեպ, ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացին մասնակցում եմ, որպես ՊՆ նախարարի օգնական: Այսինքն, հանձնաժողովում ներգրավված եմ որպես նախարարի ներկայացուցիչ»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ղալեչյանը։
Նա ընդգծել է, որ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայր լինելը ո՛չ արտոնություն է դիտարկվում, ոչ էլ «գեներալներին հսկողի» առանձին հաստիք է իջեցվել:
Ինքը կատարում է օրենքով իրեն վերապահված գործառույթները: