Արա Աբրահամյանին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան. նա այս պահին «Զվարթնոցում» է

Արա Աբրահամյան
Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների` Արա Աբրահամյանը նաև ՀՀ քաղաքացի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Այս մասին «Ֆեյսբուքում» տեղեկացնում է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ տեղեկացա, որ իշխանություններն այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում։ Որքան տեղյակ եմ՝ պարոն Աբրահամյանը ունի նաև ՀՀ քաղաքացիություն, և այդ պայմաններում մուտքի արգելքն իրենից ներկայացնում է ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 3-րդ մասի ուղիղ խախտում»,– նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ առաջին դեպքը չէ, երբ ազգությամբ հայ քաղաքական կամ հասարակական գործիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան և նրանց պահում են «Զվարթնոց» օդանավակայանում։
Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ՀՅԴ Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարներից Մուրադ Փափազյանը և մի շարք այլ ՀՅԴ–ական գործիչներ։ Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվել էր նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Տարբեր ժամանակներում անցանկալի անձանց ցուցակում են հայտնվել ՀՅԴ մի շարք գործիչներ։