ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունը և սևծովյան նախաձեռնության խթանումը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը կարծիքներ են փոխանակել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի` վերջերս կայացած խորհրդակցությունների արդյունքների շուրջ:
Ինչպես հայտնի է, պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 18-ից սկսած 30 օրով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածների մորատորիում սահմանելու մասին։
Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել ռուս-ամերիկյան երկխոսությանը և հաստատել է սևծովյան գործարքի հետագա առաջխաղացմանն աջակցելու` Անկարայի պատրաստակամությունը:
Վլադիմիր Պուտինն իր հերթին զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակվելու Կիևի շարունակական փորձերի վրա՝ սադրիչ անվանելով ուկրաինական կողմի գործողությունները:
Զրույցն ընթացել է տարածաշրջանում պահպանվող լարվածության և միջազգային խաղացողների՝ հետագա սրացումը կանխելու փորձերի ֆոնին։