Կասեցվել է «Սավա» ՍՊԸ–ի պահածոների արտադրական գործունեությունը. ի՞նչ խախտումներ են եղել

Կասեցվել է «Սավա» ՍՊԸ–ի պահածոների արտադրական գործունեությունը
Ընկերությունը սահմանված ժամկետներում պետք է վերացնի բոլոր խախտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սավա» ՍՊԸ–ին պատկանող պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի արտադրական գործունեության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը։
Կասեցվել է «Սավա» ՍՊԸ–ի պահածոների արտադրական գործունեությունը
«Չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, արտադրամասը սարքավորված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով՝ նախատեսված ձեռքերի լվանալու համար, ապահովված տաք ջրով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով։ Արտադրական շինությունում պահվել է արտադրական հագուստ, արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ (զոդման սարք, մալուխներ, շինանյութ և այլ իրեր)»,– ասված է հաղորդագրությունում։
Կասեցվել է «Սավա» ՍՊԸ–ի պահածոների արտադրական գործունեությունը
Առաստաղները, շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել՝ չկանխարգելելով կեղտի կուտակումը, մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկների թափվելու հնարավորությունը։ «Սավա» ՍՊԸ–ում պատերի վերին մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մուտքի դուռը ենթարկված է եղել կոռոզիայի, սննդամթերքի արտադրության ընթացքում գոյացած թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական տարածքից:
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: