ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանին ուղղված նամակը պարունակում էր նաև սպառնալիքներ, որոնք Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում։ Այս մասին դիվանագետը հայտնել է Թեհրանում Ալ Ղոդսի օրվա կապակցությամբ կազմակերպված երթին մասնակցելու ժամանակ։
Արաղչիի խոսքով՝ Թրամփի նամակը, որը վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրին, մանրակրկիտ վերլուծվել է:
«Ուղերձում կային տարրեր, որոնք կարելի է գնահատել որպես սպառնալիք։ Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը իրանցի ժողովրդի հետ վերջնագրերի լեզվով խոսի։ Սակայն, չնայած դրան, ամեն ինչ արել ենք, որ տեղ մնա դիվանագիտության համար»,- նշել է նա։
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում հայտնել է, որ նախընտրում է միջուկային հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ավելի ուշ նա հստակեցրել է, որ դիտարկում է երկու սցենար՝ դիվանագիտական և ռազմական՝ առաջնահերթություն տալով բանակցություններին։
Ինչպես հայտնել է Axios պորտալը, Խամենեիին ուղղված նամակում Թրամփը պայման է դրել նոր միջուկային գործարքը կնքել երկու ամսվա ընթացքում:
Դեռևս փետրվարին Թրամփը հայտարարել էր «վերիֆիկացված» համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին, որը թույլ կտար Իրանին խաղաղ զարգանալ և խուսափել ռազմական առճակատումից:
Հիշեցնենք, որ միջուկային գործարքը ստորագրվել է 2015 թվականին Իրանի և «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջև: Համաձայնագիրը նախատեսում էր Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակումների դիմաց պատժամիջոցների փուլային չեղարկում։ Այնուամենայնիվ, 2018-ի մայիսին Թրամփի վարչակազմը դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց փուլ առ փուլ հրաժարվել իր պարտավորություններից՝ ներառյալ միջուկային հետազոտությունների սահմանափակումները և ուրանի հարստացման մակարդակը: