Ներազգային գործընթաց է առանց քաղաքական տարրի. ստեղծվեց «Հայոց տուն» ուժը

Պրոֆեսոր Չարչյանն իր խոսքում ընդգծեց, որ սա զուտ ներազգային գործընթաց է և որևէ քաղաքական տարր ու որևէ հավակնություն մասնակցիների մոտ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի, դիզայներ, քանդակագործ Արման Նուռի և մի շարք այլ գործիչների մասնակցությամբ այսօր ազդարարվեց «Հայոց տուն» ապակուսակցական ուժի ստեղծման մեկնարկի մասին։
Ինչպես իր խոսքում նշեց Ռուբեն Կարապետյանը` կառույցն ապակուսակցական է և նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը։
Ռուբեն Կարապետյանը
««Հայոց տունը» առաջնորդվելու է անմնացորդ հավատքով, ազգային արժեքներով ու հայ ոգեղեն ուժի հենասյուներով, միասնությամբ, համերաշխությամբ ու սիրով։ «Հայոց տունը» նախաձեռնելու է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած ու շահագրգիռ հայ մասնագետների միավորումը` հայկական պետականության ու հայության ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով»,–ասաց Կարապետյանը։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանն իր խոսքում ընդգծեց, որ սա զուտ ներազգային գործընթաց է և որևէ քաղաքական տարր ու որևէ հավակնություն մասնակցիների մոտ չկա։

«Մեզ բոլորիս հետաքրքրում էր երկու հարց` ինչու և երկրորդը` ինչ։ Ինչո՞ւ եղավ այսպես և ինչու է հայ ազգը կանգնած իր պատմական զարգացման թերևս ամենացածր աստիճաններից մեկի վրա և ի՞նչ պետք է անենք, որպեսզի մենք դա հաղթահարենք։ Այդ փնտրտուքներում պատասխանը մեկն էր` չկա ազգային ընտրանի, չկա ազգային էլիտա, որը կարողանար տալ լուծումներ, առաջարկել լուծումներ, որոնք ընդունելի կլինեին բոլորի համար, և այդ լուծումների շնորհիվ մենք կարողանայինք ավելի բարգավաճ, ավելի զարգացող երկիր, հայրենիք և պետություն կառուցել»,–ասաց նա։

Արմեն Չարչյան
Պրոֆեսորը որպես բժիշկ ընդգծեց, որ հայ հասարակությունը հիվանդ է և առողջացման կարիք ունի, իսկ առողջացնել հնարավոր է, եթե հասարակությունը և համասփյուռ ազգի շահերը կհամընկնեն և կստեղծեն առողջ բջիջներ։ Սակայն պետք է դրանք համախմբել։
Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի` արդյոք այլ ապակուսակցական ուժերի հետ «Հայոց տունը» կհամագործակցի, Չարչյանը նշեց. «Ինչու ոչ։ Եթե գաղափարական տեսանկյունից մեր նպատակները, մեր խնդիրները համընկնում են` իհարկե։ Դա հայոց տուն է, բոլորը, ովքեր ցանկություն ունեն կառուցելու հայոց տունը, բոլորի հետ սիրով կզբաղվենք արարչագործությամբ»։
Արման Նուռ
Քանդակագործ Արման Նուռն էլ համոզված է` այն բոլոր մարդիկ, ովքեր աշխարհում փորձում են և իրավունք են վերապահում իրենց հայ կոչելու, պետք է իրենց ողջ ներուժը` թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, ներդնեն այս հարցի համար, որպեսզի պահպանվենք որպես ազգ, որպես պետություն։ Նրա խոսքով` շատ ավելի դժվար է վերադարձնել պետությունը կորցնելուց հետո, քան պահպանել, երբ այն դեռ կա. վերադարձի արժեքը շատ ավելի բարձր է։