ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է, որ անցած գիշեր Գազայի հատվածին հասցված հարվածների ընթացքում ոչնչացվել է ՀԱՄԱՍ շարժման մամուլի քարտուղարներից մեկը՝ Աբդել Լատիֆ ալ Կանուան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գիշերը ՑԱԽԱԼ-ի ուժերը գրոհել են Գազայի հյուսիսային հատվածը և ոչնչացրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ Աբդել Լատիֆ ալ Կանուային։ Նա հիմնական սադրիչներից մեկն էր ՀԱՄԱՍ-ի շարքերում»,-ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ:
Զինվորականների տվյալներով՝ ալ Կանուան մեդիահարթակները պարբերաբար օգտագործել է քարոզչության, հոգեբանական ահաբեկչության և Գազայի հատվածում ու նրա սահմաններից դուրս ՀԱՄԱՍ-ի գործունեության մասին կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնական դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։