Հուրգադայի ափերի մոտ ռուսաստանցի զբոսաշրջիկներով ստորջրյա նավ է խորտակվել. կան զոհեր

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Ջրի տակ էքսկուրսիա էր անցկացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Եգիպտական Հուրգադայի ափերի մոտ խորտակվել է ստորջրյա զբոսանավ, որի մեջ ՌԴ–ից զբոսաշրջիկներ են եղել։ Հաղորդվում է 6 զոհի, 9 տուժածի մասին, կան նաև անհետ կորածներ:
Ինչպես հայտնել է Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, բացի անձնակազմի անդամներից, նավում եղել է 45 զբոսաշրջիկ, այդ թվում՝ անչափահասներ: Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, «Բիբլիո Գլոբուս» ընկերության զբոսաշրջիկներ։
Եգիպտոսի իշխանությունները կարգադրել են փակել Հուրգադայի լողափերը շնաձկան հարձակումից հետո
Նշվում է, որ ստորջրյա զբոսանավն իրականացնում էր կանոնավոր ստորջրյա էքսկուրսիա, որի ընթացքում զբոսաշրջիկները դիտում էին կորալային խութը:
«Նախնական տվյալներով՝ նավում գտնվողների մեծ մասը փրկվել և տեղափոխվել է Հուրգադայի հյուրանոցներ ու հիվանդանոցներ։ Նրանց առողջական վիճակը մտահոգիչ չէ։ Զոհվել է 4 մարդ։ Մի քանի զբոսաշրջիկների ճակատագիրը պարզվում է», - ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տուժածներից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Աղետի պատճառները դեռ հայտնի չեն: