«Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք». Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահ է` խաղաղության այն ճանապարհը, որով գնում է ՀՀ իշխանությունը, ամենաարդյունավետն է Բաքվում գտնվող գերիների հարցը լուծելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն դիտարկմանը, որ անկախ նրանից, թե ովքեր են ՀՀ իշխանությունները, ԼՂ բնակչության իրավունքների հետապնդումը և ճակատագիրը, նախևառաջ ՀՀ կառավարության պարտականությունն է։
«Դուք հրաժարվում եք մեր բոլոր այն գործիքներից, որոնք մեզ ուժեղացնում են, հետո ասում եք, թե ոչինչ չեք զիջո՞ւմ։ Եվ հետո մենք ունենք այն դատավարությունը, որ ապօրինի դատական գործընթաց է Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ, ու դուք կարծես թե ասելիք չունեք»,– նշեց պատգամավորը։
Փաշինյանը նրա դիտարկմանը պատասխանեց հարցադրմամբ` ի՞նչ դերակատարում է ունեցել Ղարաբաղյան շարժումը ՀՀ–ի պետականության չկայացման ճանապարհին։
«Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ ու աներկբա ասել` ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,– հավելեց նա։
Ըստ նրա` խաղաղության այն ճանապարհը, որով գնում են ՀՀ իշխանությունները, ամենաարդյունավետն է Բաքվում գտնվող գերիների հարցը լուծելու համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: