ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Կիևի ռեժիմը շարունակել է հարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ վնաս հասցնելով Ռուսաստանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Չնայած Զելենսկու հրապարակային հայտարարությանն այն մասին, որ ինքն ընդունում է քաղաքացիական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելուն ուղղված՝ Էր-Ռիադում մարտի 24-ին ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, Կիևի ռեժիմը շարունակել է հարվածներ հասցնել ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքին», – նշված է հայտարարության մեջ։
Գիշերը Ղրիմի ափերի մոտ երկու ուկրաինական հարվածային անօդաչու է խոցվել, որոնց թիրախը Գլեբովսկի գազի ստորգետնյա պահեստն էր։
Բացի այդ, գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել են Բրյանսկի և Կուրսկի մարզերի էներգետիկ օբյեկտների վրա։ Մի շարք սպառողներ մնացել են առանց հոսանքի։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան իրավունք է վերապահում սիմետրիկ պատասխան տալ՝ կապված Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածների հետ։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել էին հրաժարվել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելուց։