Շուրջ 40 տավուշցի երեխաներ հյուրընկալվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում

Ծրագրի ավարտին երեխաները լրացնելու են փոքրիկ հարցաթերթիկ և գնահատեն դրա արդյունավետությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Շուրջ 40 երեխաներ Տավուշի տարբեր սահմանամերձ գյուղերից «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում հյուրընկալվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը նկատեց` սա երեխաների առաջին այցելությունն է մշակութային կենտրոն, սակայն ծրագրված է, որ տարբեր մարզերի երեխաները պետք է պարբերաբար այցելեն տարբեր թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ։ Բոլոր այցերն ունենալու են գործնական և տեսական հատվածներ։
«Ծրագրի նպատակն է արվեստի հանդեպ սեր ունեցող երեխաներին ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։ Նաև նպատակ ունենք ընդլայնել երեխաների գիտելիքներն ու մտահորիզոնը», – նշեց նա։
7-րդ դասարանցի աշակերտուհի Սոնա Ամիրխանյանը պատմեց, որ առաջին անգամ չէ Երևանում, բայց պատկերասրահ առաջին անգամ է այցելում և տպավորված է։ Նաև շատ կուզեր տեսնել Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը, որն ցուցադրված է Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի շրջաակներում։
Իսկ Մոնթե Միքայելյանը Բաղանիսից նշում է` տղայական խաղերն ու կարուսելները զվարճալի են, բայց այս ճամփորդությունը Երևան հենց թանգարանային այցով է հիշվելու։ Նա էլ է առաջին անգամ պատկերասրահում ու արդեն մտածում է կրկին վերադառնալ ու դանդաղ շրջել ցուցասրահներում։
«Շատ կուզեմ տեսնել եզակի բաներ, որ ոչ մի ուրիշ տեղ չկա։ Իհարկե ընկերներիս էլ կպատմեմ, ու գուցե միասին էլ գանք», – նշեց նա։
Մարզաբնակ երեխաների խմբերից մեկը հյուրընկալվելու է Չինական արվեստի կենտրոնում: Այս համատեքստում ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը կարևորեց երկու ժողովուրդների մշակութային շփումը:
«Մեր երկրների բարեկամական կապերը սկսում են դեռևս Մետաքսե ճանապարհից: Մեր երկրները համարվում են հին մշակույթը կրող պետություններ, ուստի մենք պետք է ծանոթ լինենք միմյանց մշակույթին և սերտացնենք մեր կապերը», - նշեց նա:
Միջոցառմանը ներկա էր նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
Նշենք, որ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Ծրագրի ավարտին երեխաները լրացնելու են փոքրիկ հարցաթերթիկ, որի միջոցով կգնահատվի արդյունավետությունը և ստացած գիտելիքները մշակութային փորձառությունից։