ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հակամարտությունում նախաձեռնություն ունի և ձգտում է ստանալ կարգավորման՝ իր համար շահավետ պայմաններ: Այս մասին ասվում է գլոբալ սպառնալիքների մասին ամերիկյան հետախուզության ամենամյա զեկույցում։
«Անցած տարվա ընթացքում Ռուսաստանը շահեկան դիրք է ստեղծել և շարժվում է Կիևի և նրա արևմտյան դաշնակիցների վրա ճնշման ավելի շատ լծակների հասնելու ուղղությամբ՝ ստիպելու նրանց բանակցությունների ընթացքում գնալ զիջումների, որոնք անհրաժեշտ են իրեն», - նշվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Ռուսաստանը ցուցաբերելէ տնտեսական և ռազմական կայունություն, ինչի շնորհիվ դարձել է ԱՄՆ-ի լուրջ մրցակից:
«Միջուկային ներուժը և կոնվենցիալ հնարավորությունները, ցուցադրված տնտեսական և ռազմական կայունության հետ մեկտեղ, Ռուսաստանին դարձնում են նշանակալի մրցակից», - ասվում է զեկույցում:
Փաստաթղթի հեղինակները նշում են նաև, որ Ուկրաինայի հակամարտության ժամանակ ձեռք բերած՝ արևմտյան սպառազինությանը հակազդելու ռուսաստանյան փորձը մարտահրավեր է ԱՄՆ-ի համար:
«Դա, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի ապագա պաշտպանական պլանավորման համար մարտահրավեր է, այդ թվում՝ այլ մրցակիցների դեմ, որոնց հետ Մոսկվան կիսվում է ձեռք բերած փորձով», - ասվում է փաստաթղթում:
Ռուսաստանը բարելավել է իր ռազմական հնարավորությունները, ունի հեռահար ճշգրիտ հարվածի հնարավորություններ, որոնք հատկապես ուշագրավ են սուզանավերի և ռմբակոծիչների դեմ պայքարում, նշում է ամերիկյան հետախուզությունը:
Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ ոքի չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները: