ՌԴ-ն և ԱՄՆ- ն համաձայնեցրել են ևս մեկ փաստաթուղթ. Կրեմլը մանրամասներ է ներկայացրել

Կրեմլ
Կողմերը դրական, կառուցողական կերպով շարունակում են առկա շփումների շրջանակներում աշխատանքը, նշվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են ևս մեկ փաստաթուղթ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական և ամերիկյան կողմերը դրական, կառուցողական կերպով շարունակում են առկա շփումների շրջանակներում աշխատանքը։ Համաձայնեցվել է ևս մեկ փաստաթուղթ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնց վրա տարածվում է էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումը.
Նավթավերամշակման ձեռնարկություններ,
Նավթամուղներ, գազամուղներ և պահեստարաններ, ներառյալ պոմպակայանները,
Էլեկտրաէներգիա արտադրող և փոխանցող ենթակառուցվածքներ, ներառյալ էլեկտրակայանները, ենթակայանները, տրանսֆորմատորները և բաշխիչները,
Ատոմային էլեկտրակայաններ,
Հիդրոէլեկտրակայանների ամբարտակներ:
Նշվում է, որ ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օրվա ընթացքում՝ սկսած 2025 թվականի մարտի 18-ից, և փոխադարձ համաձայնությամբ կարող է երկարաձգվել: Կողմերից մեկի՝ մորատորիումը խախտելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի իրեն ազատ համարել ստանձնած պարտավորություններից:
Ավելի վաղ Սպիտակ տունը և Կրեմլը հանդես էին եկել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքներով հայտարարություններով: