Մենք դեռևս չենք պատասխանել. Արաղչին` ԱՄՆ նախագահի նամակի մասին

Դոնալդ Թրամփ
Աբբաս Արաղչին նշում է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային սեղանը Իրանը երբեք չի լքել և չի էլ լքի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Իրանը դեռ չի պատասխանել ԱՄՆ նախագահի նամակին, բայց պատասխանն արդեն պատրաստման փուլում է։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին` անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսելուն։
Գործ չունենք Թրամփի սպասումների հետ, անելու ենք այն, ինչ բխում է Իրանի շահերից․ Արաղչի
Նշենք, որ դեռ մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և կնախընտրեր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքել։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է` մաքսիմում ճնշումների ներքո ԱՄՆ–ի հետ ուղիղ բանակցություն չենք ունենա։ Իրանը միշտ պատրաստ է եղել խաղաղ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավելի թափանցիկ դարձնել»,–ասաց նա։
Արաղչին ընդգծեց` հենց հիմա էլ իրենք եվրոպական 3 երկրի և այլ շահագրգիռ պետությունների հետ բանակցում են միջուկային ծրագրի վերաբերյալ։ Վստահեցրեց` Իրանը երբեք չի լքել բանակցային սեղանը և չի լքի։
Թրամփն Իրանին մեղադրել է հութիների հարձակումները համակարգելու մեջ
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային համաձայնագիր կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում` Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Միացյալ Նահանգները Թրամփի նախորդ նախագահության ժամանակ` 2018 թվականի մայիսին, դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։