Հայաստանում հաշմանդամության մասին կեղծ տեղեկանքների համար բժիշկներին կզրկեն լիցենզիայից

Եթե հաշմանդամության հանձնաժողովում ընդգրկված բժշկի մոտ մեկ տարվա ընթացքում սխալ եզրակացության երեք դեպք հայտնաբերվի, ապա նրա լիցենզիան կարող է հետ կանչվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ իշխանություններն ավելի խիստ են ստուգելու հաշմանդամության մասին կեղծ տեղեկանքներ դուրս գրող բժիշկներին։
«Քաղաքացիների ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Հաշմանդամության խումբը կփոխարինվի ֆուկցիոնալության աստիճանով. նախարարը՝ նոր կարգի մասին
Ըստ օրինագծի՝ եթե մոտ մեկ տարվա ընթացքում հաշմանդամության հանձնաժողովում ընդգրկված որևէ բժշկի տված երեք սխալ եզրակացություն հայտնաբերվի, ապա Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը այդ մասին կտեղեկացնի առողջապահության նախարարությանը: Այնտեղ կորոշեն՝ այդ սխալները բժշկից կախված են եղել, թե ոչ (օրինակ ՝ փաստաթղթերում վրիպումներ են եղել)։ Դրա հիման վրա առողջապահության նախարարությունը կորոշի՝ հետ կանչե՞լ բժշկի արտոնագիրը, թե՞ ոչ։
Բացի այդ, տեսչությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կներկայացնի սոցիալական աշխատողների սխալ եզրակացությունները, որոնք հանգեցնում են նպաստների ոչ նպատակային նշանակման։
Ինչո՞ւ է իջեցվել պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը. պատասխանատուների արձագանքը
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր սոցիալական նպաստների ոչ նպատակային նշանակումը բացառելու անհրաժեշտության մասին: Մի քանի տարի առաջ նպաստ էր ստանում մոտ 120 հազար ընտանիք, սակայն վերջին տարիներին նրանց թիվը գրեթե կրկնակի կրճատվել է։