ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դիվանագիտության ոլորտում Հայաստանը նկատելի հաջողություններ ունի։
«Տարբեր երկրներ, իմանալով, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, այնուամենայնիվ, մեզ զենք են վաճառում։ Դա հաջողություն չի՞։ Այն, որ միջազգային քաղաքացիական դիտորդները ՀՀ սահմանին են կանգնած, և դա բարձրացնում է ՀՀ անվտանգային մակարդակը»,- ասաց Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
ԱԺ խոսնակի խոսքով՝ 2020թ․ պատերազմից հետո պլան է եղել՝ ունենալ «հայելային նույն իրավիճակը, ինչպես 90-ականներին էր եղել, Ադրբեջանի զորքն էլ Հայաստանից ինչ-որ տոկոս զավթի, նստի և հռչակի․․․ (ադրբեջանական. խմբ)։
«Մենք պատերազմից հետո մաքսիմալ ամեն ինչ արել ենք, և ես կարծում եմ, որ մեզ մոտ ամենահաջողված ոլորտը հենց միջազգայինն է։ Աննախադեպ բան է, որ ՀԱՊԿ երկիր անդամին որևիցե այլ երկիր, որը ՀԱՊԿ-ից դուրս է, մի հատիկ փամփուշտ վաճառի կամ փոխանցի։ Դուք հասկանու՞մ եք, թե դա քաղաքական ինչ մեսիջ է, ու կարևոր չէ, թե ինչ են տալիս, կարևոր է հենց էդ գործողությունը։ Դա նշանակում է վստահության այն աստիճանը, որ քո տեխնոլոգիաները չեն փոխանցվելու երրորդ ինչ-որ երկրին և այլն»,- նշեց Սիմոնյանը։
2024–ի հունիսին Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում կողմերը պայմանագիր էին ստորագրել ֆրանսիական CAESAR հաուբիցների մատակարարման վերաբերյալ: Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը 36 արձակման կայանքի մասին է։