Բուսաբանական այգում ծառահատումների վնասը կազմել է 16․5 միլիոն դրամ. վարույթ է հարուցվել

Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74 սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Երևանի Բուսաբանական այգում ծառահատումների դեպքով հարուցվել է վարչական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ավելի վաղ «Ֆեյսբուքի» օգտատեր Էդուարդ Հայրումյանը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում շուրջ 30 հատ կոճղ է երևում` 30-50 սմ տրամաչափով։
Նշվում է, որ Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16․570․000 ՀՀ դրամ։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ»,–հայտնում է տեսչական մարմինը։
Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում՝ այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74 սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։
Բուսաբանական այգում կաղնիներ են հատվել
Հիշեցնենք՝ այգու տնօրենությունը արձագանքելով սոցցանցային հրապարակումներին՝ հայտարարել էր, որ կտրված 30 ծառերից մոտ 20–ը հատվել են 2024 թվականի աշնանը, իսկ մնացածը` մի քանի տարի առաջ։ Ընդգծվել էր, որ հատված կաղնու ծառերի կենսունակության աստիճանի որոշումը պահանջում է համալիր դենդրոչափական ուսումնասիրություն։ Ու շեշտել էին՝ Բուսաբանական այգու տնօրեն Ժաննա Հովակիմյանը 2025 թվականի հունվարին է նշանակվել այդ պաշտոնին՝ փոխարինելով Աննա Ղուկասյանին։
Բուսաբանական այգում կաղնիներ են հատվել