Արփի Դավոյանը հարցաքննվել է. ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը

Արփի Դավոյան
Դավոյանը տվյալ քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 2018 թվականին, իսկ նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն այն մասին, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչական բաժնում անգամ հարցաքննվել է: Թերթը փորձել է պարզել` ինչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը, ինչ կարգավիճակ ունի և ինչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով:
Արդարադատության նախարարի թեկնածուի հարցը բաց է մնում. ՔՊ–ն կրկին նիստ կանի
Ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Վստահեցրել են` վերջինը դատավարական այլ կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
«Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում: Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերևս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Կամ դա կլինի այն ժամանակ, երբ Արփի Դավոյանը դուրս գա խմբակցությունից»,– գրում է պարբերականը:
Թերթը նաև նշում է, որ Արփի Դավոյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասով կոռուպցիոն ներթիմային բացահայտումներից ու դրա հետևանքով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մերժվելուց հետո նեղացած է ՔՊ–ից ու ամիսներ շարունակ չի մասնակցում վարչության նիստերին:
ՔՊ–ն որոշել է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը