Քաղաքացիները շարունակում են դժգոհություններ հայտնել` կապված շենգենյան երկրների հյուպատոսական ծառայություններում մուտքի վիզա ստանալու հետ։ Հյուպատոսական ծառայություններում կամ վիզաների կենտրոնում հարցազրույցի օր ամրագրելու համար շաբաթներով կամ ամիսներով հերթերի են սպասում, և երաշխիք չկա, որ կկարողանան իրենց անհրաժեշտ ժամանակահատվածում օր ընտրել։
Նույնիսկ ազատ տեղերի դեպքում քաղաքացիները չեն հասցնում հարցազրույցի օր ամրագրել, քանի որ դա երբեմն արվում է հատուկ բոտերի միջոցով, և քաղաքացին մնում է ձեռնունայն։ «Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ».-Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Մարդիկ ստիպված են լինում վիզայի իրենց հարցազրույցի օրվան սպասել երբեմն նույնիսկ մինչև 9 ամիս».-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Vizit Armenia» ընկերության հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը։ Նրա խոսքով՝ խնդիրը կլուծվի այն դեպքում, եթե բոլոր հերթագրվածներին ավելի արագ սպասարկեն, քանի որ հերթերը որոշակի առումով արհեստական են։