ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. 2025 թվականին Հայաստանում հարկերի ամենամեծ աճը կարելի է ակնկալել բանկային և շինարարական ոլորտներից։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով իր գերատեսչության 2024 թվականի աշխատանքի հաշվետվությունը։
Նա նշեց, որ 2025 թվականին սպասվում է, որ մեծ թվով նորակառույց շենքեր կհանձնվեն շահագործման։ Դա, ըստ Հակոբյանի, իր հերթին նշանակում է, որ այդ բնակարանների վաճառքից ԱԱՀ կվճարվի։
Ընդ որում, կրճատվել է ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ–ի վճարների աճը։ Հակոբյանի խոսքով` դա հիմնականում կապված է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կրճատման հետ, երբ ավարտվեց ավտոմոբիլների ներմուծման և ԵԱՏՄ այլ երկրներ վերավաճելու բումը։
Ինչ վերաբերում է բանկային ոլորտին, ապա այստեղ 2024 թ. զգալիորեն աճել է շահույթը` ի հաշիվ հիփոթեքային և սպառողական վարկերի պորտֆելի, որոնց պահանջարկը շարունակում է մնալ բարձր։ Հաշվի առնելով այս պահանջարկը` բանկերը ավելացրել են այդ վարկերի տոկոսադրույքները։
Նշենք, որ ըստ նախնական տարեկան հաշվետվությունների Հայաստանի հինգ խոշորագույն բանկերի շահույթն աճել է (որոնք միասին զբաղեցնում են շուկայի մոտ 60 %–ը)` «Արդշինբանկ»՝ ավելի քան 2 անգամ, «Ամերիաբանկ»՝ 30 %–ով, «Ամիօ»՝ 2 անգամ (84 %–ով), «Ակբաբանկը» մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա, իսկ «Ինեկոբանկի» մոտ փոքր–ինչ դրական տեղաշարժ կա մինչ այդ եղած բացասական միտումներից: